Վերջին երկրաշարժերն Իրանում նոր դիվանագիտական մարտահրավեր են նետում ադրբեջանա-իրանական հարաբերություններին: Այդ մասին գրում է «EurasiaNet»-ը` «Tamada Tales» բլոգում:
«Բաքվում շատերը դժգոհում են Իրանի կառավարության արձագանքից երկրաշարժերին:
Օգոստոսի 11-ի երկու երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 300 մարդ: Էպիկենտրոնը գտնվել է Իրանի մեծության հինգերորդ քաղաքի` Արեւելյան Ատրպատական նահանգի կենտրոն Թավրիզից 37 մղոն հեռավորության վրա: Իրանական իշխանությունների դիրքորոշումը հակասական էր օտարերկրյա օգնության ընդունման հարցում, եւ միայն օրեր անց հայտարարեց օգնությունն ընդունելու մասին:
Ադրբեջանը հումանիտար օգնություն էր ուղարկել օգոստոսի 12-ին, իսկ Ալիեւը ցավակցել էր Ահմադինեջադին: Նման ժեստերը դիվանագիտական տաքացման հույսեր էին ներշնչում, սակայն կնհայտ է դառնում, որ Ադրբեջանի համբերությունը Թեհրանի հանդեպ հատնում է: Ավելին, Իրանի դեսպանատան մոտ մեծ բազմություն է հավաքվել` դժգոհելու Ահմադինեջադից, որ արագ չի արձագանքել:
Այսկերպ, փոխանակ մերձեցնելու թշնամացող ազգերին, երկրաշարժերն ավելի են հեռացնում իրարից»:




























