Հայաստանում ՏԻՄ ընտրությունները քաղաքական չեն, քանի որ հիմնված են կոռուպցիայի վրա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է «Ժառանգությունը» սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում միայն մեկ թեկնածու առաջադրել:
«Ընդդիմադիր ուժը չի կարող մասնակցել մի գործընթացի, որտեղ պայքարում են ոչ թե քաղաքական ռեսուրսներով, այլ կաշառքով»,-ավելացրեց նա: Սաֆարյանի կարծիքով, եթե ընդդիմությունը նախընտրում է չմասնակցել նման ընտրություններին, դա դեռեւս չի նշանակում, որ նա անպայման ազդեցությունը զիջել է ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին:
«Եթե թեկնածուների մեծամասնությունը այդ երկու կուսակցություններից են, ապա պետք չէ մտածել, թե երկրում քաղաքական կյանքը միայն նրանք են ձեւավորում: Ընդդիմությունը հասկանում է, որ ՏԻՄ ընտրություններում քաղաքականություն չկա. բոլորս հիշում ենք 2009թ-ին Երեւանի ընտրությունները, երբ ՀԱԿ-ը չկարողացավ հաջողության հասնել»,-ավելացրեց Սաֆարյանը:




























