Ռուսաստանում բենզինն աշնանը կթանկանա միջինը 2-2.5 ռուբլով։ Այս մասին Վառելիքային միությանը հղումով տեղեկացնում է «Российская газета»-ն։ «Մենք սեզոնային այս թանկացումը 15 տոկոս ենք կանխատեսում։ Բենզինի պահանջարկը ավելանում է, իսկ դա բարձրացնում է գները»,- ասել է Վառելիքային միության գործադիր տնօրեն Գրիգորի Սերգիենկոն։

Գների աճին նպաստում է նաեւ թանկացող նավթը։ «Այն նկատելի է հատկապես դիզելային վառելիքի մասով, որը մեծածախ շուկայում ավելի լուրջ թանկացում է գրանցել, քան՝ բենզինը։ Դիզվառելիքի արտահանման ցուցանիշն ավելի լավն է, քան բենզինինը։ Այն ավելի ձեռնտու է վաճառել արտասահմանում, այդ պատճառով էլ ներքին շուկայում դրա գինն զգալիորեն ավելի արագ է աճում»,- ասել է նա NEWSRru.com-ին։

Տեղեկացնենք, որ 2012թ. հունվարի 1-ից բենզինի եւ դիզվառելիքի ակցիզային գումարն ավելացել է 29-32 տոկոսով։ Սակայն առաջիկա երեք տարում կրկին ավելացումներ են սպասվում։

Նշենք, որ բենզինի գնի աճը ոչ միայն Ռուսաստանում է։ Խնդիրն առընչվել է նաեւ այլ երկրների։ ԱՄՆ-ում գները բարձրացել են 30 սենթով՝ կազմելով 1,048 դոլար մեկ լիտրի դիմաց։ Ամերիկացի փորձագետները, սակայն, հուսադրող կանխատեսումներ չունեն։ Ակնկալվում է, որ բենզինի գինը ավելի կբարձրանա։