Հակամարտության կողմերից ոչ մեկը հայերի` որպես էթնիկ եւ կրոնական փոքրամասնության նկատմամբ պահանջներ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Չերեչյանը:
Նրա խոսքով, իրավիճակը Դամասկոսում այժմ, քիչ թե շատ, կայուն է: Երկրում ընդհանուր վիճակը անդրադառնում է հայերի կենսկերպի վրա, հատկապես նյութական եւ անվտանգության հարցերում: Ստեղծված իրավիճակի հետ կապված` քաղաքի փողոցները անվտանգ չեն, հաճախակի են դարձել բախումներն ու թալանը:
«Հալեպի հայկական թաղամասում մի քանի օր առաջ բախումներ էին տեղի ունենում կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ, ինչի արդյունքում հայեր չեն տուժել: Փրկագին ստանալու նպատակով հայ երիտասարդի առեւանգման դեպք է գրանցվել: Թե ովքեր էին առեւանգողները, այնհայտ է մնացել, տղայի համար վճարվել է փրկագին եւ նրան ազատ են արձակել: Իհարկե հակամարտության ընթացքում հայեր նույնպես տուժել են, ովքեր սիրիական բանակի զինվորներ էին»,-ասել է նա:
Չերեչյանի խոսքով, հայկական կողմը փորձում է չեզոքություն պահպանել, մանավանդ, որ հայերի տոկոսը երկրում այնքան փոքր է, որ նրանք չեն կարողանա ազդել քաղաքականության վրա: Ինչ վերաբերում է արաբ-քրիստոնյաներին, ապա նրանց կազմում կան ընդդիմության կողմնակիցներ, բայց նրանք զենքի չեն դիմում: Հակամարտությանը ազգային եւ կրոնական փոքրամասնությունների չմասնակցելու եւս մեկ որոշիչ հանգամանք է հանդիսանում այն, որ ընդդիմության զինյալներին ակտիվ աջակցություն է ցուցաբերվում Թուրքիայից:
Ի պատասխան որեւէ կանխատեսում անելու խնդրանքին` Չերեչյանը նշեց, որ ներկայումս ոչ ոք նման բան չի կարող անել: Հակամարտության երկու կողմերը նպատակ ունեն գնալ մինչեւ վերջ: Իսկ ժողովուրդը, նրա խոսքով, իրականում ցանկանում է, որ այս արյունահեղությունը դադարի:
Ինչ վերաբերում է Սիրիան լքելու հայերի ցանկությանը` Չերեչյանը նշեց, որ հայերը դեռեւս չեն ձգտում հեռանալ այն երկրից, որտեղ նրանք վաղուց են հաստատվել: Շատերը կցանկանային մեկնել Հայաստան այն դեպքում, եթե կառավարությունը նրանց բիզնեսը կարգավորելու հնարավորություն ընձեռի` նախնական շրջանում հարկային նպաստներ հատկացնելով:




























