Ռուսաստանի Օմսկ քաղաքի բնակիչներիը օգոստոսի 16-ի առավոտյան տեսել են տարօրինակ մթնոլորտային տեղումներ։ Մեքենաների, թփերի, ասֆալտի եւ լուսամուտագոգերի վրա գորշավուն փոշի է իջել, որը տեսքից լվացքի փոշի էր հիշեցնում: Բնակիչները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ Ռոսպոտրեբնադզոր:

Օպերատիվ խմբերը վերցրել են փոշու եւ հողի նմուշներ` խոստանալով լաբորատոր ստուգման արդյունքը հայտնել մի քանի օրից:

Առայժմ ԱԻՆ-ը բնակիչներին խորհուրդ է տալիս «սահմանափակել փոքր երեխաների բացօթյա զբոսանքը եւ սպորտային պարամունքները» եւ ձեռք չտալ փոշին:

Ստուգման է ենթարկվել քաղաքի 4-րդ ՋԷԿ-ը, սակայն պարզվել է, որ փոշին մոխիր չէ: Անհայտ ծագման փոշու կամ տեղումների պատճառը, ըստ ՌԴ ԱԻՆ-ի մասնագետների, հնարավոր է քաղաքի մոտակայքում գտնվող  արդյունաբերական գոտու ձեռնարկություններից մեկը եղած լինի: