ՀԱԿ ակտիվիստներն այսօր` օգոստոսի 16-ին «Ազատության» հրապարակից բողոքի երթով շարժվեցին դեպի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան գրասենյակ: Երթի մասնակիցները կոչ էին անում  արդարացնել «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներին»:

ՀԱԿ երիտասարդները ԵԽԽՎ գրասենյակի աշխատակցին նամակ հանձնեցին: Նամակում նշված էր, որ ՀԱԿ երիտասարդների դատապարտումը 2-ից 6 տարվա ազատազրկման՝ անհիմն է եւ նրանց հանդեպ իրականացվել է քաղաքական հաշվեհարդար:

Երթի մասնակից ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը այստեղ է միայն որպես Հայաստանի քաղաքացի: Նա նշեց՝ եթե Տիգրան Առաքելյանն ազատ արձակվի, ապա դա կարող է լինել միայն քաղաքացիական ճնշումների ներքո: Այն դիտարկմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, թե Հայաստանի դատաիրավական համակարգում տեղի են ունենում բարեփոխումներ եւ 4 տարի հետո  չենք բախվի այսօրվա խնդիրների հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դատաիրավական բարեփոխումների մասին ասել է ներկայիս արդարադատության նախարարից առաջ նույն պաշտոնը զբաղեցրած Գեւորգ Դանիելյանը, Դավիթ Հարությունյանը, սակայն ոչինչ չի փոխվել:

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին բախում էր եղել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները 7 ակտիվիստի բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ քրգործ հարուցել խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության մեղադրանքով: Ակտիվիստների պնդմամբ, ոստիկաններն էլ դաժան ծեծի ենթարկել իրենց:

Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել Տիգրան Առաքելյանին, 3 տարվա`  Արտակ Կարապետյանին, եւ երկուական տարվա ` Սարգիս Գեւորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին: