Հայաստանի հինգ մարզերի` Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու եւ Շիրակի ավելի քան 500 համայնքներում առաջիկա ՏԻՄ ընտրություններին առաջադրված շուրջ 950 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել մոտ 50-ը: Այդ մասին նշված է
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում: Ինքնաբացարկ հայտնողների թվում են նաեւ մի շարք համայնքների ղեկավարներ` Արարատի Մխչյան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար, ինքնաառաջադրված Աշոտ Իսաջանյանը, Արմավիրի Լուկաշին համայնքի ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված, ՀՀԿ-ական Փանոս Խորոզյանը, Հայկաշեն համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական, ՀՀԿ կողմից առաջադրված Բագրատ Հովհաննիսյանը, Ջանֆիդա համայնքի ՀՀԿ-ական ղեկավար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Էդիկ Մանուկյանը, Լոռու Արեւաշող համայնքի հանրապետական ղեկավար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Վարուժան Խաչատրյանը, Տաշիր համայնքի անկուսակցական, ինքնառաջադրված ղեկավար Նշան Սողոյանը: Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ինքնաբացարկ է հայտնել համայնքի ղեկավարի տեղակալ, ինքնաառաջադրված, անկուսակցական Լիպարիտ Տիգրանյանը, Գյումրիում` անկուսակցական, ինքնաառաջադրված թեկնածու Ռաֆայել Ասատրյանը:
Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար արդեն գրանցված է շուրջ 900 թեկնածու: Վերջիններս իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրերն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն օգոստոսի 16-ից 20-ը: Թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվել է օգոստոսի 15-ին: Ինքնաբացարկի մասին դիմումները թեկնածուները կարող են ներկայացնել մինչեւ օգոստոսի 30-ը: Նախընտրական քարոզչությունը կիրականացվի օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը: Քվեարկությունը կսկսվի սեպտեմբերի 9-ին` ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Ընտրությունների արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 14-ին:




























