ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր շունը զոքանչից ավելի հմայիչ է։

Իր նախընտրական քարոզչության ընթացքում,  ելույթ ունենալով Այովա նահանգում, Օբաման կազմել է իր ընտանիքի անդամների յուրահատուկ վարկանիշ, գրում է  «The Daily Mail»-ը:

«Եկեք ընդունենք, որ մեր ընտանիքում ամենահմայիչը Միշելն է, հետո` աղջիկները, հետո Բոն, իմ զոքանչը եւ վերջապես ես»,- ասել է Օբաման:

Վայրկյաններ անց ԱՄՆ նախագահը հասկացել է, որ «լեզվի սայթաքում» է արել, եւ փորձել է շտկել խոսքը. «Ընդհանրապես իմ զոքանչը ավելի հմայիչ է, քան Բոն, դա ակնհայտ է»:

Նշենք, որ Օբամայի զոքանչը` միսիս Ռոբինսոնը, ապրում է նախագահի ընտանիքի հետ Սպիտակ տանը:

ԱՄՆ վարկանիշային կազմակերպությունները այս հայտարարությունից հետո, ամենայն հավանականությամբ, կսկսեն ուսումնասիրել, թե ԱՄՆ էլեկտորատում փեսաների տեսակարար կշիռն է ավելի մեծ, թե՝ զոքանչներինը։ Ամեն դեպքում, հասկանալի է, որ ԱՄՆ-ի զոքանչները Օբամային այս հայտարարության համար կներեն մեծ դժվարությամբ ։