ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու եւ այդկերպ խարդախությամբ խաշար գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այդ մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից,  2012թ. հունվարից մինչեւ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 9 տարբեր անձանցից վերցրել է գումարներ` մեկ-երկու ժամից կամ մի քանի օրից վերադարձնելու պատրվակով, եւ խաբեությամբ վերցրած խոշոր չափերի գումարները հափշտակել:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: