Նորվեգիայի ոստիկանության ղեկավար Օյստեն Մելանդը 2011 թ-ին 77 մարդ սպանած «նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկի գործի հետ կապված հեռացել է իր պաշտոնից: Կառավարական հանձնաժողովը իրավապահ մարմինների գործողությունները ոչ լիարժեք են գնահատել:
Հանձաժողովի հաշվետվության համաձայն ոստիկանները կարող էին կանխել Օսլոյի պայթյունը, ինչի հետեւանքով 8 մարդ է զոհվել: Բացի այդ, պարզվել է, որ ուժայի մարմինները դանդաղ են արձագանքել Ուտոյիա կղզու ճամբարում տեղի ունեցած կոտորածին, որտեղ Բրեյվիկը 69 մարդ է գնդակահարել:
Հաշվետվության մեջ մասնավորապես նշվում է, որ ոստիկանության տեղական բաժնի երկու աշխատակիցները առաջինն են հասել կղզի, որտեղ տեղի էին ունենում ողբերգական դեպքերը, սակայն նրանք որոշել են սպասել օգնական ուժերին եւ չմտնել կղզի:
Օգոստոսի 16-ի երեկոյան հայտնի է դարձել, որ Նորվեգիայի ոստիկանության ղեկավարը հրաժարական է ներկայացրել: Օյստեն Մելանդը հայտնել է, որ չի կարող շարունակել աշխատել, եթե կորցրել է Արդարադատության նախարարության վստահությունը:
Հաշվետվության արդյունքները հանգեցրել են նրան, որ լրատվամիջոցներում հայտնվել են Նորվեգիայի կառավարության ղեկավար Իենս Ստոլտենբերգի հրաժարականի պահանջներ:
«Կառավարությունը չի կարողացել պաշտպանել մարդկանց անվտանգությունը: Անթույլատրելի է, որ այն ոչ մի հետեւանք չունենա այն մարդկանց համար, ովքեր մեղավոր են տեղի ունեցածի մեջ»,-գրել է նորվեգական նշանավոր VG տաբլոիդը, հայտնում է «Իզվեստիան»:
Բայց Ստոլտենբերգը նպատակ ունի մնալ իր պաշտոնին եւ շարունակել զբաղվել հաշվետվության մեջ ներառված խորհուրդներով:




























