Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը  պետք է համակարգի եւ ղեկավարի ԱՄՆ արեւմտյան ափին կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. ապրիլի 24-ին ընդառաջ: Այդ մասին հայտնեցին հանձնախմբից:

Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արեւմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ: Հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակագրող` ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախմբում ընդգրկվել են` Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը, Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմը, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ԱՄՆ արեւմտյան շրջան), Ռամկավար Ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ԱՄՆ արեւմտյան շրջան), Հայ Օգնության միությունը (ԱՄՆ արեւմտյան շրջան), Հայաստան Համահայկական հիմնադրամը (ԱՄՆ արեւմտյան շրջան), Միացյալ Հայկական հիմնադրամը, Հայ-ամերիկյան խորհուրդը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՄՆ արեւմտյան շրջան), Ամերիկայի Հայ Իրավանց խորհուրդը, Ամերիկայի Հայկական համագումարը, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը:

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող` ԱՄՆ արեւմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը եւ սատարի նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաեւ սերտորեն գործակցելու է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի եւ Սփյուռքի համանման կառույցների հետ»: