Օգոստոսի 17-ի գիշերը Պյատիգորսկում 10-ամյա Անի Պրոկոպենկոյի սպանության վրիժառուները այրել են մասնավոր տուն, որտեղ բնակվում է «պյատիգորսկցի մոլագարի» մայրը:
Տունը հրդեհվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում: Այդ պահին տանը գտնվել են Վլադիմիրի մայրը` Սվետլանա Ամբարցումովան եւ նրա զարմիկը` Ռոմանը: Արթնանալով խեղդող ծխից` նրանք տեսել են, որ իրենց տունը այրվում է:
Այն բանից հետո, երբ հաջողվել է մարել կրակը, Ռոմանը հայտնաբերել է, որ տան շուրջը թափված են վառելանյութի հետքերով շշերի մասնիկներ: Ամբարցումովները շտապ ոստիկանություն են կանչել:
Դեպքից հետո մանկապիղծի բարեկամները սկսել են լրջորեն անհանգստանալ իրենց անվտանգության համար: Նրանք անգամ տան շուրջը հսկիչ տեսախցիկներ են տեղադրել, հայտնում է Life News-ը:
Ուրիշի գույքը ոչնչացնելու փորձի փաստով քննություն է սկսվել: Եթե մեղավորները հայտնաբերվեն, ապա նրանց 2 տարվա ազատազրկում է սպասվում:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 23-ին Ամբարցումովը, փողոցում տեսնելով դեռահաս Աննա Պրոկոպենկոյին, ներկայացել է նրան որպես կոսմետիկական ընկերության վաճառքի աշխատակից եւ առաջարկել է նրան գումար վաստակել: Այդ նապատակով նա աղջնակին առաջարկել է իր հետ գնալ գրասենյակ, իսկ իրականում նրան տարել է անտառ, որտեղ բռնաբարել եւ տուժածի հանդեպ իրականացրել է սեքսուալ բնույթի բռնարարքներ, ինչից հետո խեղդամահ է արել, իսկ մարմինը թաքցրել է նույն անտառում` այն ծածկելով թերթաքարերով
Ամբարցումովն ամբողջովին ընդունել է իր մեղքը եւ մինչդատական համագործակցության առաջարկով է դիմել հետաքննությանը` նվազագույն պատժամիջոց ստանալու նպատակով, սակայն հետաքննությունը մոլագարի հետ գործարքի մեջ չի մտել:




























