Հարավային Աֆրիկայում Մարիկանա պլատինե հանքում ոստիկանների եւ գործադուլավոր հանքափորների բախման արդյունքում վերջին տվյալներով ամենաքիչը 30 մարդ է զոհվել, կան բազմաթիվ վիրավորներ: Այս մասին  հայտնում են  տեղական իշխանությունները:

Վկաների տեղեկացմամբ, ոստիկանները   կրակ են բացել մաչետեներով եւ մահակներով զինված ցուցարարների ուղղությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ բախումները տեղի են ունեցել, երբ  ոստիկանները փորձել են ցրել աշխատավարձի բարձրացում պահանջող հանքափորների բողոքի ցույցը:

 «Lonmin» հանքում խռովությունները ծագել են երկու արհմիությունների առերեսման արդյունքում, որոնք պայքարում են Մարիկանայի նկատմամբ վերահսկողության համար: Հանքագործների ազգային միությունը (Հարավային Աֆրիկայի գլխավոր մասնագիտացված միությունը) եւ նրա երիտասարդ մրցակիցը` Հանքափորների եւ շինարարների ասոցացիան հերքում են տեղի ունեցած բռնությանը իրենց որեւէ մասնակցությունը: Իր հերթին «Lonmin» ընկերությունը հանքափորներին սպառնացել է ազատել աշխատանքից, եթե նրանք 24 ժամվա ընթացքում չվերադառնան աշխատանքի: