Օգոստոսի 17-ին ուկրաինական սկանդալային կանացի «FEMEN» շարժման մասնակիցները կտրել են Կիեւվի Մայդանում կանգնեցված ուղղափառ խաչը` ի պաշտպանություն Pussy Riot-ի աղջիկների, որոնց դատավճիռը կկայացվի այսօր Մոսկվայում:

Մերկ մարմինների վրա «Ազատություն Pussy Riot-ին» մակագրությամբ ակտիվիստները բենզասղոցով կտրել են փայտե հուշարձանը:

Նման կերպ «FEMEN»-ը, որը ողջ աշխարհում հայտնի է կառավարության եւ եկեղեցու ներկայացուցիչների դեմ իրականացրած թոփլես-սադրանքներով, իրենց աջակցությունն են հայտնել խմբի երաժիշտներին, ովքեր կդատվեն Քրիստոս Փրկչի տաճարում իրականացված «փանկ-աղոթքի» համար:

«Այս քայլով «FEMEN»–ը կոչ է անում հանրության ողջ խելամիտ ուժերը կենտրոնացնել` ուղեղներից կրոնական հին նախապաշարմունքները հանելու համար, ինչը հիմք է հանդիսանում բռնապետության համար եւ խանգարում  է ժողովրդավարության զարգացմանն  ու կանանց ազատություններին»,-ասվում է «FEMEN»-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է Корреспондент.net-ը: