Բլոգեր եւ իրավապաշտպան Վասիլի Ֆյոդորովիչի տանը հայտնաբերվել է հսկա զինանոց: Բոլոր զինատեսակների համար նա թույլտվություն է ունեցել: Ֆյոդորովիչը կալանավորվել էր Ուրալում  41 սպանությունների կազմակերպման եւ անմիջական մասնակցության  կասկածանքով:

Հետաքննիչների խոսքով, զենքը ամենուր է եղել` պատերից կախված, սեղանի եւ պահարանների  դարակներում: Բռնագրավվել է մոտ 100 միավոր զենք` դանակներ, ավտոմատ, մի քանի տասնյակ հրացաններ, ռազմամթերք: Զինամթերքից բացի խուզարկուները հայտնաբերել են նաեւ ծայահեղական պարունակությամբ փաստաթղթեր եւ գրքեր:

Հայտնաբերված ողջ զինամթերքը ուղարկվել է փորձաքննության: Կրիմինալիստները կբացահայտեն, թե արդյոք դրանք օգտագոծվել սպանությունների ժամանակ, հայտնում է LifeNews-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Վասիլի Ֆյոդորովիչը ներգրավված է ազգությամբ հայի` Սիրիայի  եւ ԱՄՆ-ի քաղաքացի Ջորջ Կարա-Յակուբյանի  սպանության գործին: Նրա մարմինը հայտնաբերվել է ապրիլին Եկատերինբուրգի տարածքում` լքված ավտոտնակի մեջ: Ձեռնաշղթաներ հագած տղամարդու վիզը կտրված է եղել, իսկ կողքին ընկած է եղել ամերիկյան կիսաայրված անձնագիրը: Զոհի մոտից նաեւ բացակայել են բանկային քարտը, որի միջոցով հետագայում մեծ գումար է հանվել: