Հայաստանում ընդդիմությունը հիմնականում ձգտում է մասնակցել համապետական, ոչ թե ՏԻՄ ընտրություններին: Այս մասին NEWS.am-ին ասաց Կովկասի ինստիտուտի  քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Ընդդիմությունը հիմնականում ձգտում է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, ոչ թե տեղական: Առաջին հերթին այն պատճառով, որ  ընդդիմադիր ուժերը հիմնականում բավարար տարածքային կառույցներ չունեն: Ուստի տեղերում ռեսուրսները բավարար չեն: Երկրորդը` ՏԻՄ ընտրությունները լավագույն հարթակը չեն ընդդիմադիր հայացքները ներկայացնելու համար: Այստեղ հիմնական նախընտրական փաստարկներ են, թե ով է վերանորոգելու ջրագիծը կամ ապահովելու պարարտանյութերով: Նման սխեման գործում է հետխորհրդային բոլոր երկրներում»,- նշեց փորձագետը:

Այդուհանդերձ, համապետական ընտրույունների համար կարեւոր է հենց տեղերում «յուրայինների» առկայությունը: «Իհարկե, ընդդիմությունը հասկանում է  դա եւ կցանկանար շատ տեղեր ունենալ, սակայն վարչական խոչընդոտը թույլ չի տալիս»,-պարզաբանեց Մինասյանը: