ԱՄՆ-ը ունի  ծանրակշիռ ապացույցներ սիրիական հակամարտությունում Իրանի մասնակցության մասին` որպես  երկրի նախագահ Բաշար Ասադի կողմնակից: Այդ մասին  հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանը, գրում է «Վզգլյադը»` վկայակոչելով «Ինտերֆաքսին»:

«Այո, մենք ունենք դրանք , եւ բացահայտ ասել ենք , որ պատճառ ունենք կարծելու, որ Իրանը սովորեցնում, վերահսկում, ֆինանսավորում է Սիրիայի ներսում Ասադի ռեժիմին աջակցող զինված ջոկատներին», - ասել է նա` Սիրիայի Զինված ուժերը անվանելով իշխանություններին աջակցող  «մարտական ստորաբաժանումներ»:

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը համարում է, որ Ռուսաստանը արդեն զգում է բացասական հետեւանքները` սիրիական հակամարտությունում իր դիրքորոշման հետ կապված: 

«Կարծում եմ, որ Ռուսաստանը արդեն տուժել է իր ընտրության համար: Ես ի նկատի ունեմ նրա դիրքորոշումը  Մերձավոր Արեւելքում եւ նրա  համբավը մնացած աշխարհում», - ասել է նա:  Այդպես ամերիկացի դիվանագետը  պատասխանել է այն հարցին, թե ինչ է ի նկատի ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երբ ասել է, որ Մոսկվան եւ Պեկինը պետք է վճարեն Սիրիայի նկատմամբ իրենց դիրքորոշման համար: