Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ եւ շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ եւ Լոնդոն ժամանած հյուրերի թվով:

Երեւանում Բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժեւորելու իր նախաձեռնություններն ունի: Դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի Գրաֆիտին եւ այն այժմ խորհրդանշում է Լոնդոնի Պարաօլիմիական խաղերը: Սա մի քայլ է մարդկանց ներկայացնելու պարաօլիմպիական խաղերի եւ հավասար հնարավորությունների գաղափարի կարեւորությունը:

Մինչ Պարաօլիմպիական խաղերի սկիզբը դեսպանատունը կներկայանա նոր միջոցառումներով:

Նշենք, որ 1948 թվականին  Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին Պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թվականին: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թվականի Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ: