Այս շաբաթ Հոլիվուդից ամուսնական զույգի ձերբակալությունը, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավոր խմբերին, այդ թվում`«Armenian Power»-ին դատարանից գաղտնի տվյալներ տրամադրելու մեջ,  բացահայտել է «համակարգում դավաճանությունը», գրում է  «Glendale News-Press»-ը:

Հիշեցնենք, որ Լոս Անջելեսում դաշնային դատարանի 35-ամյա աշխատակցուհի Նունե Գեւորգյանը եւ նրա  40-ամյա ամուսինը` Հովհաննես Կոշկարյանը ձերբակալվել էին  երեքշաբթի`  կազմակերպված հանցավոր շրջանակներին ոստիկանական հետաքննությունների մասին տվյալների հաղորդման մեղադրանքով:

Գլենդելի ոստիկանության լեյտենանտ Թիմ Ֆիլիի խոսքով` Գեւորգյանի գործողությունները սպառանելիք են ներկայացրել ոստիկանների անվտանգության համար, թույլ են տվել ոչնչացնել ապացույցները:

Հինգշաբթի քննիչները գործողություններ են իրականացրել` վախենալով, որ կասկածյալները կոչնչացնեն ապացույցները կամ կթաքնվեն: Նրանք ձերբակալել են  երեք հոգու` Սեդրակ Քարաբաջաքանին, Խաչիկ Քարաբաջաքյանին եւ Վահե Հարությունյանին` խոշոր քանակի բենզնի յուրացման գործով: Չորրորդ կասկածյալին նրանք որոնում են:

Գեւորգյանի եւ նրա ամուսնու նկատմամբ հետաքննությունը սկսվել էր «Armenian Power» հանցախմբի անդամների զանգվածային  ձերբակալության օպերացիայից հետո, որոնց 2011 թ. փետրվարին  թմրանյութերի վաճառքի, խարդախությունների, թալանի, անձնական տվյալների գողացման եւ այլ մեղադարքներ էին առաջադրվել:

Հենց այդ ժամանակ էլ քննիչների մոտ կասկած էր առաջացել  գաղտնի տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ, քանի որ ոմանց, ում պետք է ձերբակալեին, չէին գտել տներում: Նրանք հետո տեղեկություններ էին ստացել, որ ամուսնական զույգը գաղտնի տվյալներ փոխանցելու համար գումարներ է ստացել:

Քննիչների քողարկված աշխատանքային խումբը դատարանից  ընթացիկ քրեական գործերի վերաբերյալ գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ  գործարք է կնքել Կոշկարյանի հետ: Նա ասել է, որ տեղեկատվություն ստանալու հարցում «խնդիր չունի»:

ՀԴԲ տվյալներով` Կոշկարյանը քննիչներին կարեւոր տեղեկություններ է ներկայացրել  մեղադրյալների եւ քրեական հանցագործությունների, նաեւ ձերբակալությունների օրդերների մասին: