NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է «The Armenian Weekly»-ում հրապարակված Սիմոն Մաղաքյանի հոդվածը.

Միջազգային կազմակերպությունները, արեւմտյան կառավարություններն ու ԶԼՄ-ները վրդովմունքով էին արտահայտվում Մալիում` Տիմբուկտուում իսլամական ծայրահեղականների կողմից հանրահայտ սրբավայրի ավերման մասին, որը կրկնում էր թալիբների կողմից 2001թ-ին Աֆղանստանում` Բամիանում  Բուդդայի երկու արձանների ոչնչացման արձագանքները:

Երկու դեպքում էլ  մշակութային իրավունքները խախտողները  հակաարեւմտամետներ են` կապված Ալ Քաիդայի հետ, եւ միայն դա է հանգեցրել Արեւմուտքի կողմից ուժեղ քննադատության:

Հակառակ դեպքում, ինչու Արեւմուտքը լռություն պահպանեց Ադրբեջանի (որը  Արեւմուտքին էներգակիրներ մատակարող  եւ  այնտեղից զենքը գնող խոշոր երկրներից է) կողմից  աշխարհում խոշոր միջնադարյան հայկական  գերեզմանտունը ոչնչացնելու դեպքում:

Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը Վաշինգտոնի արձագանքը, ավելի շուտ, խլացվեց Ադրբեջանի հսկայական էներգետիկ ռեսուրսներով: Իսրայելից Ադրբեջանի զենքի գնումը, ինչպես նաեւ նրա գաղտնի կարգավիճակը` որպես Իսրայելի գաղտնի պլացդարմ` Իրանի վրա հարձակվելու համար, նույնպես կարող են որոշակի դեր խաղալ Ջուլֆայում ոչնչացումների լռության հարցում:

Անընդունելի է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անգործությունը, ինչպես նաեւ միջազգային ԶԼՄ-ների լռությունը` որոշ բացառություններով:  Մտահոգիչ է այն, որ Վաշինգտոնի մշակութային իրավունքների խախտումների ընտրողաբար քննադատությունը, ըստ ամենայնի, հիմնված է սեփական շահերի վրա:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն  մեղքը քավելու համար անուղղակիորեն ճանաչեց հայկական խաչքարերի արժեքը` դրանք 2010թ-ին ընդգրկելով  ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում` չհիշելով այն մասին, որ դեռ հինգ տարի առաջ ոչնչացվել էր խաչքարերի խոշորագույն հավաքածուն:

Ջուղայում, ինչպես նաեւ Բամիանում եւ Տիմբուկտուում մշակութային արժեքների ոչնչացումը լայն լուսաբանման, անվարան դատապարտման կարիք ունեն`  անկախ նրանից, ով է հանցագործը: