Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի երեխաների կյանքին եւս վտանգ է սպառնում, քանի որ երեխաները ծանր վնասվածքներ են ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին Սեւանի բժշկական կենտրոնից:
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Մարգարյանը նշեց, որ երեխաներին ծանր վիճակում տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: «Երկուսն էլ շատ ծանր վիճակում ընդունվել են: Մենք ամեն ինչ արել ենք վիճակը կայունացնելու համար եւ տեղափոխել ենք Երեւան: Հատկապես շատ ծանր էր փոքրի` 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանի վիճակը: Մահամերձ վիճակով ենք նրան ընդունել»,- մանրամասնեց Արսեն Մարգարյանը:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ երեխաների վիճակը շարունակում է ծանր մնալ: «Երկուսն էլ վնասվածքներ ունեն: 9-ամյա Մհեր Բաղդասարյանը ստացել է գանգի ոսկրի կոտրվածք եւ պատրաստվում է վիրահատության: Իսկ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը ստացել է գլխուղեղի արյունազեղում, ունի նաեւ ձեռքի, ոտքի եւ ստորին ծնոտի կոտրվածք: Նրան եւս պատրաստվում ենք վիրահատել, բայց ոչ, թե գլուխը, այլ ստորին ծնոտը, ոտքը եւ ձեռքը: Երկուսի վիճակն էլ շատ ծանր է` հատկապես փոքրիկինը եւ այդ վիճակում պետք է գնան վիրահատության»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Ի դեպ, 9-ամյա Մհեր Բաղդասարյանը արդեն գիտակցության է եկել, իսկ փոքրիկը դեռ ոչ: Գիտակցության եկած Մհերին չեն պատմել ծնողների հետ կատարվածի մասին վիճակը էլ ավելի չծանրացնելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 31-ամյա Սեւակ Բաղդասարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ» ավտոմեքենային: Բախման հետեւանքով 31-ամյա վարորդը եւ նրա կինը` 29-ամյա Մարինե Բադալյանը մահացել են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրել էին ոստիկանության Գեղարքունիքի բաժնից: Իսկ մեքենայի մեջ գտնվող մահացած ամուսինների երեխաները` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը եւ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը, նաեւ ուղեւոր` 21-ամյա Դավիթ Ավետիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն: «Կամազ» ավտոմեքենայի վարորդ, ԼՂՀ բնակիչ 47-ամյա Բորիս Մեջլումյանը եւս մեքենայի մեջ է եղել, բայց բարեբախտաբար վերջինս չի տուժել:




























