Մեծ Բրիտանիայի Ուոլթշիր կոմսությունում գտնվող Լոնգլիթ առանձնատան գորիլաների մասնավոր բուծարան-արգելոցում արտառոց եւ հուզիչ դեպք է տեղի ունեցել։ Միմյանցից 3 տարի անջատ ապրած գորիլա եղբայրները ճանաչել, ողջագուրվել եւ բացահայտ երջանկություն են արտահայտել, ինչը արտառոց դեպք է կենդանիների եւ հատկապես գորիլաների համար։
Դեպքն առավել հետաքրքիր է, քանի որ եղբայրներից մեկը 3 տարվա ընթացքում խմբում առաջնորդ է դարձել, ինչը, ըստ տարածված կարծիքի, նշանակում է, որ նա նորեկ արուին պետք է քշեր իր տարածքից։ Սակայն Լոնգլիթում տեղի է ունեցել ճիշտ հակառակը։ 13-ամյա 222 կգ կշռող խմբի ավագ արու Կիշոն մանչուկի պես ուրախացել է, երբ նորից հանդիպել է կրտսեր եղբայր Ալֆային։ Եղբայրները բառի բուն իմաստով գրկախառնվել, ողջագուրվել եւ նույնիսկ մեկմեկու ձեռք են սեղմել։
Լոնգլիթի բուծարանի գլխավոր վերակացու Մարկ Թայը նշել է, որ իրենք երկյուղում էին, որ հանդիպումը հաջող ընթացք չի ունենա։ «Մենք վստահ չէինք, որ եղբայրները կճանաչեն միմյանց, սակայն երբ նրանք հանդիպեցին, նրանց հայացքում միմյանց ճանաչելու նշաններ երեւացին։ Նրանք շատ կենսախինդ էին, նույնիսկ մանկան պես խաղում էին իրար հետ։ Բավականին տարօրինակ է տեսնել, թե ինչպես է խմբի ավագ հասուն ու ահեղ հսկա գորիլան փոքրիկի պես ուրախանում»,- ասել է Թայը «The Daily Telegraph»-ին։




























