«Մանկական Նոր ալիք 2012» մրցույթին Հայաստանը ներկայացնող Սոնա Գյուլխասյանը գրավել է երկրորդ հորիզոնականը: Երկու մրցութային օրերի ընթացքում, հավաքելով առավելագույն միավորներ, Սոնան ընդամենը մեկ միավորով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին: Այդ մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Մհեր Բաղդասարյանը Ղրիմից նախօրեին հայտնել էր, որ Սոնան մրցույթի ֆավորիտների թվում էր: Մրցութային առաջին օրը Սոնան կատարել է Բեյոնսեի «Listen», երկրորդ օրը` Անի Քրիստիի «Կարոտ» երգը:

Մրցույթում Հայաստանը ներկայացնող երկրորդ մասնակից Արինա Մալխասյանը բարձր հորիզոնականներ չի զբաղեցրել, սակայն լավ է ելույթ ունեցալ: Նա մրցութային առաջին օրը կատարել էր Կոմիտաս, իսկ երկրորդ օրը`  Chocolade երգը: 

Թվով 5-րդ  «Մանկական Նոր ալիք»-ի ժյուրիի կազմը գլխավորում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը: Ժյուրիի անդամների թվում են Կոնստանտին Մելաձեն, Լեւ Լեշչենկոն, Ալսուն:

Մրցույթն անց է կացվում օգոստոսի 15-ից 17-ը: Համաձայն մրցույթի կանոնադրության` «Մանկական Նոր ալիք»-ը չի հեռարձակվում ուղիղ եթերով, այլ ցուցադրվում է մրցույթին մասնակցած երկրներից հեռարձակման իրավունք ձեռք բերած հեռուստատեսություններով մրցույթի ավարտից օրեր անց: Հայաստանում մրցույթի հեռարձակուման իրավունքը պատկանում է «Արմենիա» հեռուստաընկերույունը: Մրցույթին մասնակցում են 16 մասնակիցներ 12 երկրներից: Երիտասարդ կատարողների շրջանում հայտնի այս միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը օգոստոսի 15-ին ներկա է գտնվել նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Հայաստանի պատվիրակությունը Երեւան կժամանի օգոստոսի 18-ի երեկոյան: