ԱՄՆ Օրեգոն նահանգի քարանձավներում կենսաբանների արշավախումբը սարդի նոր տեսակ է հայտնաբերել։
Նոր հայտնաբերված սարդը ունի 4 սմ երկարություն։ Ոտքերը բավականի երկար են, եւ ամեն մի վերջույթին առկա է մեծ ճանկ, ինչը վկայում է, որ սարդը բավականին ագրեսիվ որսորդ է։ Մարմինը ծածկված է փարթամ մազածածկույթով, իսկ ծնոտը մարմնի չափերի համեմատ բավականին մեծ է։
Կենսաբանները հաջողել են գիտական նպատակով մի քանի արու եւ էգ սարդեր որսալ։ Այժմ նրանք փորձում են հասկանալ, թե սարդերը որ ենթատեսակին են ավելի մոտ կանգնած։ Ըստ նախնական վարկածի՝ նոր հայտնաբերված սարդերին ավելի մոտիկ են Oonopidae-ի ընտանիքի «գոբլին-սարդերը», սակայն սա վերջնական որոշումը չէ։
Ամեն դեպքում կենսաբան Չարլզ Գրիզվոլդի ենթակայության տակ աշխատող խմբի անդամները նոր սարդին տվել են տեսակի եւ ընտանիքի անուն՝ Trogloraptor marchingtoni։ Ընտանիքի անունը թարգմանաբար նշանակում է «քարանձավների ավազակ», իսկ տեսակի անվանումը դրվել է ի պատիվ Նիլ Մարչինգտոնի, ով իր կյանքը նվիրել էր քարանձավների ֆլորայի եւ ֆաունայի հետազոտման ու դասակարգման աշխատանքին։ Սակայն սարդին գիտնականները նաեւ անվանում են «բիգֆութ»՝ ի պատիվ առասպելական ձյունի մարդու։ Ինչպես եւ ձյունի մարդը, այս սարդն էլ բավականին մեծ հաջողությամբ խուսափել է մարդկանց հետ հանդիպումից, սակայն ի տարբերություն առաջինի, սարդին գիտնականները ի վերջո հայտնաբերեցին։




























