«Այո, Միշա Քալանթարյանը ինքնասպան է եղել տանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ հայտնել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսիկ Նազարյանը:
Թե որն է եղել ինքնասպանության պատճառը, Նազարյանը ոչինչ չհայտնեց. «Դեպքը նոր է եղել, մի ժամ առաջ, աշխատում են դատաբժիշկները, քննիչները»,-ասաց Երեւանի ոստիկանապետը:
Ըստ ոստիկանության, Միշա Քալանթարյանը ինքնասպան է եղել իր առանձնատանը, որտեղ եղել են նաեւ ընտանիքի անդամները: Նա առանձնացել է իր սենյակում ու կրակել: Կրակոցի ձայներից ահաբեկված` ընտանիքի անդամները վազել են ննջասենյակ եւ ականատես եղել դաժան տեսարանին: Նրանց համար անակնկալ է եղել տեղի ունեցածը: Նշենք, որ Միշա Քալանթարյանը 70 տարեկան էր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը:
Նշենք, որ Միշա Քալանթարյանը Հայրապետյան եղբայրներից մեկն է: Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:
Այս պահին նշված հասցե են ժամանել Ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ` Երեւանի Ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Աշոտ Կարապետյանը եւ այլոք:




























