Pussy Riot փանկ-խմբի դատավճռի օրը Մոսկվայի Խամովնիչյա դատարանի մոտ բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել: Նրանց մի մասը ազատ է արձակվել կանխարգելիչ զրույցներից հետո, որոնց հիման վրա կազմվել են վարչական արձանագրություններ:
«Ինտերֆաքսի» հաղորդագրության համաձայն` օգոստոսի 17-ին դատարանի տարածքում տարբեր հանցանքների պատճառով ձերբակալվել է 60 մարդ: Նրանց թվում է եղել ընդդիմադիր Գարի Կասպարովը, ով ձերբակալության ժամանակ դիմադրություն է ցուցաբերել: Հետագայում Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է, որ ընդդիմադիրը կծել է կարգը հսկող իրավապահի ձեռքը: Ինքը` Կասպարովը այս մեղադրանքները հերքել է :
Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատարանը մեղավոր է ճանաչել խուլիգանական արարքի մեջ եւ դատապարտել է ընդհանուր ռեժիմի 2 տարվա ազատազրկման: Աղջիկների պատժամիջոցը ողջ աշխարհի լրատվամիջոցների քննարկման թեման է դարձել: Լրատվամիջոցները հայտնել են, որ Բարաք Օբաման «վշտացած է» այդ որոշմամբ, նրան սատարել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մաքֆոլը: Խորհրդարանի պատգամավորներ Վալուեւը եւ Ժիրինովսկին դատարանի որոշումը «արդար » են անվանել:




























