ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը դատապարտել  է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Իսրայելի նկատմամբ սպառնալիքներ պարունակող հայտարարությունները:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է  այս վիրավորական եւ խռովություններ հրահրող հայտարարությունները»,-ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Բան Կի Մունը հայտնել է, որ իրենց մեկնաբանություններով համաշխարհային առաջնորդները պետք է նվազեցնեն, այլ ոչ թե սրեն լարվածությունը:

ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն` երկրները պետք է խուսափեն սպառնալիքներից եւ ուժի կիրառումից, որն  ուղղված է  որեւէ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ, հիշեցրել է գլխավոր քարտուղարը, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ օգոստոսի 17-ին «Երուսաղեմի օրվա» կապակցությամբ Թեհրանի համալսրանում  ելույթ ունենալով` Ահմադինեժադը հայտնել է, որ Իսրայելի գոյությունն իսկ արդեն վիրավորանք է մարդկության համար եւ այդ պատճառով այդ պետությունը պետք է ոչնչացնել:

«Սիոնիստական ռեժիմը եւ սիոնիստները քաղցկեղայի ուռուցքի են նման, եթե անգամ նրանցից մեկ բջիջ մնա պաղեստինյան հողի վրա, ապա հետագայում այդ պատմությունը (Իսրայելի գոյության) կկրկնվի»,-հայտնել է նա: