Եթե անգամ ընդդիմությունը չի հավատում ՏԻՄ ընտրություններում հաջողությանը, դա չի նշանակում, որ չպետք է դրանց մասնակցի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: «Այդպես մտածել` նշանակում է թերագնահատել աշխատանքը տեղերում: Ցանկացած ընտրություն առիթ է հիշեցնելու սեփական քաղաքական ծրագրերի մասին: Անգամ եթե ներկայիս համակարգը չի նպաստում ընդդիմության ներկայությանը, միեւնույն է, դա առիթ չէ չմասնակցելու: Քաղաքականության մեջ պետք է մշտական մասնակցություն ունենալ, ոչ թե բավարարվել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին անջատ արշավներով»,-ավելացրեց Ա. Մարկարովը:
Նրա խոսքով` տեղական ընտրություններում ընտրազանգվածի մի մասը բավական ինքնուրույն է մտածում: «Շատերը չեն բավարարվում միայն խոստումներով. նրանց հետաքրքիր է ոչ միայն այն, թե ինչ է արվելու, այլ ինչպես է արվելու»,-ավելացրեց Մարկարովը: Այլ խոսքով` սեփական նախընտրական ծրագրերը հնարավոր է ներկայացնել ոչ միայն նախագահական, այլեւ տեղական ընտրություններում:
Իսկ կցանկանան արդյոք մարզային վարչությունները համագործակցել ընդդիմադիր քաղաքապետերի եւ գյուղապետերի հետ այնպես, ինչպես կոալիցիայի նրանց գործընկերների: Այստեղ Ա. Մարկարովը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաեւ տեղական կառույցների հետ կապված խնսդիրներին. մասնավորապես համատիրությունները ստեղծման օրվանից չեն գործում:




























