Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության պատգամավորներից, քրդական «Ժողովրդավարական հասարակություն կոնգրես» (DTK) կազմակերպության անդամներից, անկախ պատգամավորներից կազմված ավտոշարասյան ճանապարհը Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում կանգնեցրել են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները եւ մոտ 30 րոպե զրուցել։
Firat գործակալության փոխանցմամբ՝ BDP-ի պատգամավորները եւ DTK-ի անդամները Շեմդինլիում հուլիսի 23-ից սկսված PKK-ի եւ թուրքական անվտանգության ուժերի բախումների կիզակետ էին մեկնել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
Մոտ 50 մեքենաներից կազմված շարասյունը կանգնեցվել է Շեմդինլի շրջկենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող Գյուզելքայա ավանի մոտ PKK-ի 6 զինյալների կողմից։
Քուրդ զինյալները մոտ 30 րոպե զրուցել են հավաքվածների հետ։
Թուրքական մամուլում մեծ անհանգստություն է առաջացրել այն հանգամանքը, որ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները մեքենաներից իջել եւ գրկախառնվել են քուրդ զինյալների հետ, ջերմ զրուցել եւ բարեկամաբար հրաժեշտ տվել։
BDP-ի փոխնախագահ Գյուլթան Քըշանաքը նշել է, թե շրջայցի ժամանակ իրենք չեն տեսել կառավարական զորքերին, փոխարենը հանդիպել են քուրդ պարտիզաններին։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է համարվում։ Թուրքիայում բազմաթիվ քուրդ հասարակական եւ քաղաքական գործիչներ, պատգամավորներ եւ քաղաքապետեր դատապարտվել են՝ PKK-ի հետ համագործակցելու կամ անուղղակի կերպով PKK-ի քարոզչությունն անելու համար։
































