Անհետացած օդաչու Ամելի Էրհարտի որոնողական աշխատանքների շրջանակներում Խաղաղ օվկիանոսում ստորջրյա նկարահանումների ժամանակ արձանագրվել են արհեստածին բեկորներ:

Այս մասին հայտնել է պատմական ինքնաթիռների որոնմամբ զբաղվող գիտնականների մջազգային խումբը (The International Group for Historic Aircraft Recovery, TIGHAR). Նրանք հուլիսին վերադարձել են հերթական որոնողական արշավից, որը տեղի էր ունենում Նիկումարորո կղզիախմբում:

1937 թ.-ին վթարի ենթարկված Էրհարտի ինքնաթիռի որոնմամբ զբաղվող գիտնականներին չի հաջողվել հայտնաբերել այն: Որոնողական աշխատանքների ժամանակ նրանք ստորջրյա նկարահանումներ են կատարել, սակայն տեսագրության մեջ բեկորները նկատել են միայն Գոնոլուլույում գտնվող իրենց բազա վերադառնալուց հետո: Նրանց խոսքով, տեսագրության մեջ երեւացող  իրերը ոչ թե բնական, այլ տեխնածին ծագում ունեն:

Արշավախմբի ղեկավար Ռիկ Գիլեսպին, ով լեգենդար օդաչուի վթարի վայրի որոնումներով զբաղվում է արդեն 30 տարի, պատմել է, որ բեկորները գտնվել են հենց այնտեղ, որտեղ, ըստ նրա ենթադրության, ինքնաթիռը ընկել է ջուրը եւ որ այս բացահայտումը նոր շունչ կհաղորդի արշավախմբին, հայտնում է «Լենտա.ru»-ն:

Աշխարհի առաջին կին-օդաչուներից մեկը` Ամելի Էրհարտը եւ նրա ղեկապետ Ֆրեդ Նունեն վթարի են ենթարկվել 1937 թ.-ին Խաղաղ օվկիանոսում: Օդաչուները ցանկացել են նոր համաշխարհային ռեկորդ սահմանել` կատարելով  շուրջերկրյա ճանապարհորդություն հասարակածի երկայնքով: