Ամերիկուհի բարեգործ եւ «բարձրաշխարհիկ պարուհի» Էնն Բասսի նախկին կառավարիչը շորթման մեղադրանքով ազատազրկվել է 20 տարով:
Նյու Հեյվենի վարչական դատարանը Ռումինիայի քաղաքացի Էմանուել Նիկոլեսկուին մեղավոր է ճանաչել այն բանում, որ վերջինս մահացու նյութի պատվաստման միջոցով սպառնացել է սպանել Բասսին եւ նրանից շորթել է 8,5 միլիոն դոլար: Բասսը նրան հեռացրել է աշխատանքից հանցագործությունից մեկ տարի առաջ, երբ նա վնասել էր տիրոջ մեքենան:
Հանցագործությունը տեղի է ունեցել 2007 թ.-ի ապրիլին: Նիկոլեսկուն, մի խումբ չարագործների հետ, դիմակավորված հարձակվել են Քենթ քաղաքում գտնվող Էնն Բասսի տան վրա: Կապկպելով կնոջը եւ նրա ընկերոջը նախկին կառավարիչը նրանց անհայտ ծագմամբ նյութ է ներարկել: Նա հայտնել է, որ դա մահացու վիրուս է եւ խոստացել է հակաթույնը տալ միայն այն դեպքում, եթե Բասսը փրկագին վճարի, գրում է «Լենտա.ru»-ն`վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին:
12 ժամ անց Բասսը հայտնել է, որ չի վճարի նրանց, ինչից հետո հանցագործները հեռացել են` գողանալով կնոջ մեքենան:
Նիկոլասկուն դատարանում չի ընդունել իր մեղքը, սակայն քննության ընթացքում նրա մատնահետքերը հայտնաբերվել են գողացված մեքենայի մեջ:
Բալետի նախկին պարուհի Էնն Բասսը միլիոնատիրուհի է դարձել 1988 թ-ին ամուսնուց` թեքսասցի միլիարդատեր Սիդ Բասսից բաժանվելու ժամանակ` ստանալով 200 միլիոն դոլար:




























