Հայաստանում պետք է լրջորեն ուշադրություն դարձնել գիտությունը մեր պաշտպանունակությանը, բանակին ծառայեցնելու հարցին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Նեյրոնային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը:
«Ուժեղ է նա, ով հեռուն է տեսնում, ում հրթիռներն ավելի հեռու են թռչում եւ ավելի ճշգրիտ են հարվածում, ով ունի «խորամանկ» զենքեր: Հաղթում է ոչ թե քանակը, այլ որակը»,-նշեց նա:
Գիտնականի խոսքով, եթե Ադրբեջանն իրեն թույլ է տալիս գնել ամենաժամանակակից զենքերը, ապա մենք կարող ենք եւ պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք:
Մենք ինքներս պետք է նախագծենք եւ արտադրենք թե սպառազինությունների նոր տեսակներ, թե ռազմատեխնիկական միջոցներ: Մենք ունենք ներուժ, եւ մենք պարտավոր ենք զարգացնել այն ու օգտագործել առավելագույնս արդյունավետ:
«Ես վաղուց առջարկություն ունեմ դրա հետ կապված, որն ուզում եմ ներկայացնել` հուսալով, որ կհասնի «ուր պետք է»: Մենք կարող ենք գիտառազմական մշակումների մի քանի կենտրոն ստեղծել` տարբեր ուղղություններով: Դրանք կղեկավարեն փորձառու գիտնականներն ու ինժեներները, սակայն հիմնական աշխատակիցները կլինեն բակալավրիատը կամ մագիստրատուրան բարձր առաջադիմությամբ ավարտած երիտասարդները, որոնք իրենց երկամյա պարտադիր զինծառայությունը կանցնեն հենց այդ կենտրոններում` աշխատելով այդ նախագծերի վրա: Այսպիսով, նման կենտրոնների պահպանումը շատ թանկ չի նստի, իսկ օգուտն ավելի մեծ կլինի, քան եթե այդ երիտասարդները երկու տարի ծառայեն խրամատներում` չօգտագործելով ամենաարժեքավորը` իրենց գլուխները»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Նա ենթադրում է, որ հեռանկարում այդպիսի կենտրոնները կարող են լինել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հիմքը:




























