Մոսկվայի իրավապահները տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանի մայրաքաղաքում Ռամադանի ավարտին՝ Ուռազ Բայրամին, ահաբեկչություն է նախապատրաստվում։ Իրավապահները պարզել են նաեւ մահապարտ ահաբեկչի անձը։ Դա Չեչնիայում 1990թ. հունիսի 12-ին ծնված՝ Զելիմխան Մեխտիեւն է։ Life News-ին իրավապահ մարմիններից հայտնել են, որ Մեխտիեւը հայրենի Նաուրի շրջանում հետախուզման մեջ է գտնվում։

Life News-ը փորձել է մանրամասներ ճշտել 22-ամյա Զելիմխանի ազգականներից, ովքեր հերքել են, երիտասարդի հնարավոր մասնակցությունը ահաբեկչությանը եւ վստահեցրել, որ վերջինս վաղուց մեկնել է Լեհաստան։

Նաուրի շրջանից Մեխտիեւների կլանը արդեն վաղուց հայտնի է Մոսկվայի իրավապահներին։ 2003թ.-ին Ուսման եւ Իլիսխան Մեխտիեւները հարձակվել են «Վերածնունդ» բանկի մասնաճյուղերից մեկի վրա, սակայն նրանց դիմադրություն է ցույց տվել բանկի անվտանգությունը, ինչից հետո նրանք ձերբակալվել են։