Հայաստանի Հանրապետության եւ Սեյշելյան կղզիների Հանրապետության միջեւ նախաստորագրվել է եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, փաստաթուղթը կնքելու նպատակով, օգոստոսի 13-17-ը Երեւանում էր գտնվում Սեյշելյան կղզիների Հանրապետության Ֆինանսների, առեւտրի եւ ներդրումների նախարարության պատվիրակությունը: Պայմանագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին հայկական կողմից հանդես են եկել պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջեւ արտաքին առեւտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակությունը:
Նշենք որ Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանում առաջին պետությունն է, որի հետ Սեյշելյան կղզիները նախաձեռնում են նման հարկային իրավահարաբերություններ:



























