Ամերիկացի 62-ամյա լողորդուհի Դայանա Նայադը պատրաստվում է Ֆլորիդա նահանգից լողալ Կուբա՝ առանց շնաձկներից պաշտպանող հատուկ վանդակի: «Ինտերֆաքսը» տեղեկացնում է, որ սա Կարիբյան ծովը լողալով անցնելու Նայադի արդեն չորրորդ փորձն է: 62-ամյա լողորդուհին նպատակին հասնելու համար պետք է անընդմեջ լողա 60 ժամ՝ եւ կտրի անցնի 165 կմ տարածություն:
Նշենք, որ 2011թ.-ին Նայադի ծովային ուղեւորությունը խոչընդոտել են մեդուզաների դասին պատկանող «պորտուգալական նավակները», որոնց խայթոցները լողորդուհու համար կարող էին ճակատագրական դառնալ: Այս անգամ Նայադը որոշել է մեդուզաներից պաշտպանող հատուկ հագուստ կրել:
Նշենք, որ Կարիբյան ծովը հայտնի է իր եղանակային անակնկալներով, իսկ արեւադարձային գոտում գտնվող ծովի ջրերը հարուստ են բազմազան ծովային կենդանիներով, այդ թվում՝ շնաձկներով:




























