Ջուլիան Ասանժը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում Ավստրալիայի դեսպանատան առաջարկած  օգնությունից: Ինչպես հաղորդում է  «Էխո Մոսկվի»-ն, WikiLeaks –ի հիմնադիրը  այժմ  բրիտանական արդարադատությունից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որը  քաղաքական ապաստարան է տրամադրել Ասանժին:

 «ՆՏՎ» հեռուստաընկերությունը, հղում անելով  Կանաչ մայրցամաքի արտաքին գերատեսչության ներկայացուցչին, հաղորդել է, որ հյուպատոսության աշխատակիցները 8 անգամ  կապ են հաստատել Էկվադորի դեսպանատան հետ, սակայն Ասանժը հրաժարվել է առաջարկված օգնությունից: Սպասվում է, որ այսօր Ասանժը երկար ժամանակ անց կանի առաջին հրապարակային հայտարարությունը:

Հիշեցնենք, որ վերջերս Էկվադորը հայտարարել էր Ասանժին քաղաքական ապաստան տրամադրելու մասին, ինչը հանգեցրել էր դիվանագիտական առճակատման այդ լատինաամերիկյան հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:

Լոնդոնը հայտարարել էր, որ  բաց չի թողնի համացանցի գործչին Էկվադորի դեսպանատան շեմից այն կողմ եւ չի բացառել հարձակման հնարավորությունը: