Բրիտանական հետախուզությունը ակտիվորեն օգնում է  Հալեպում սիրիական ապստամբներին կառավարական զորքերի դեմ մարտական գործողություններում: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով բրիատանական  Sunday Times թերթին, նախագահ Բաշար Ասադի զորքերի տեղափոխությունների վերաբերյալ  հետախուզության կողմից ստացված տվյալները թուրքական  հատուկ ծառայությունների միջոցով հաղորդվում են «Սիրիական ազատ բանակի» զինվորներին: ՍԱԲ-ի ներկայացուցիչներից մեկը թերթի թղթակցին պատմել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը տեղյակ է  ընդդիմադիրներին փոխանցվող 100 տոկոս ճշգրտությամբ հետախուզական տվյալներից եւ ողջունում է այդ գործողությունները:

«Բրիտանական հետախուզությունը հետախուզական գործողություններ է անցկացնում Կիպրոսից: Բրիտանացիները տեղեկատվությունը հաղորդում են թուրքերին եւ ամերիկացիներին, իսկ մենք այն ստանում ենք թուրքերից», - ասել է թերթի զրուցակիցը: Բրիտանական հետախույզների շնորհիվ ապստամբները, մասնավորապես, իմացել են  Բաշար Ասադի զորքերի տեղաշարժման մասին եւ կարողացել են  դարանակալվել ու  ոչնչացնել Հալեպ գնացող  մի շարասյուն, որը կազմված է եղել ավելի քան 40 տանկերից,- գրում է Sunday Times-ը:

Հիշեցնենք, որ  ավելի վաղ Մեծ Բրիտանիան բազմիցս հայտարարել է, որ ընդդիմության  պաշտպանությունը այս պահին համարում է նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարի  ամենագործուն  միջոցը: Միաժամանակ Լոնդոնը լրիվ բացառում է  զենքի եւ մարտական սարքավորումների մատակարարումը երկրին: Հակամարտությունը Սիրիայում ձգվում է 2011 թ. մարտից : Այդ ժամանակվա ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների տվյալներով զոհվել է 17 հազար մարդ: Սիրիական ապստամբները հուլիսի վերջից  կռվում են  կառավարական զորքերի դեմ Հալեպի համար, որը իր չափերով հանդիսանում է  երկրի երկրորդ քաղաքը եւ ֆինանսական մայրաքաղաքը: