Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը վերջնականապես դադարեցրել է ՉԹՕ-ների հետազոտությունները: Ինչպես հաղորդում է Newsru-ն, նրանց մասին տվյալները երկրում սկսել էին գաղտնազերծել դեռ 2008թ-ից: Այն ժամանակ հրապարակված 160 փաստաթղթերի նյութերը ԶԼՄ-ներում բուռն քննարկումների տեղիք էին տվել:
Հիմա արդեն ՊՆ-ում վերացվել է այն բաժանմունքը, որը զբաղվում էր ՉԹՕ-ների մասին ստացված տարբեր հաղորդումների ուսումնասիրությամբ:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, որոշումը կայացվել է փորձագետների այն եզրակացությունից հետո, որ երկրին ՉԹՕ-ների կողմից վտանգ չի սպառնում:Նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ հետագա ուսումնասիրությունների համար մեծ ջանքեր եւ միջոցներն են հարկավոր, որոնք կարող են ուղղվել ավելի կարեւոր նպատակների:
Նշենք, որ հատուկ բաժանմունքի կազմալուծումն սկսվել էր երեք տարի առաջ: Այդ ժամանակ անջատվել էր «թեժ գիծը», որով հաղորդագրություններ էին ընդունվում ՉԹՕ-ների մասին:




























