Սիրիայի Պետական հեռուստաընկերության եթերով ցուցադրվել է Սաբահ Օսմանի խոստովանությունը: Կինը պատմում է, որ Դումա քաղաքում գործող զինված խմբավորման անդամ է եղել, զինյալների հետ միասին մասնակցել է կանանց եւ աղջիկների առեւանգմանը:

Դումա քաղաքի բնակչուհի 22-ամյա Սաբահ Օսմանը 14 տարեկանում ամուսնացել է, բայց 3 տարի անց բաժանվել է: Այնուհետեւ նա ծանոթացել է ոմն Ալյա Մահֆուզի հետ  եւ որոշել են ամուսնանալ: Փեսացուի միջոցով նա ծանոթացել է զինյալների հետ:

Սաբահը այլ օգնական աղջիկների հետ զննում էին առեւանգվածներին եւ «հարցաքննում»` ճնշումների, ծաղրանքների եւ ծեծի  միջոցով տվյալներ կորզելով: Այսքանով նրանց առաքելությունը ավարտվում էր: Այնուհետեւ զինյալները դաժան միջոցներով  սպանել են առեւանգվածներին:

Սաբահ Օսմանը հայտնել է, որ զինյալները հանդես են գալիս որպես կրոնական մարդիկ, սակայն իրականում նրանք թմրամոլներ, հանցագործներ են, որոնց հոգիներում չարությունից բացի ոչինչ չկա: Նա կոչ է արել զինյալներին օգնող  բոլոր կանանց հեռանալ այդ վատ մարդկանցից, ովքեր իրագործում են այդքան դաժան հանցագործություններ: