Թուրքիան պատրաստվում է ԱՄՀ-ին 5 միլիարդ դոլարի վարկ տրամադրել: Հայտնել է Թուրքիայի վարչապետի օգնական Բյուլենթ Արընչը` ելույթ ունենալով կառավարող կուսակցության տոնական հավաքույթին:
«Երբ մենք տնտեսական խնդիրներ ունեինք, օգնություն ենք խնդրել ԱՄՀ-ից: Բայց այսօր ԱՄն-ն նույնպես ճգնաժամի մեջ է հայտնվել: Այժմ նրանք են մեր օգնության կարիքը զգում: Լավ է, որ մենք կանք այսօր: Մենք ԱՄՀ-ին կտրամադրենք 5 միլիարդ վարկ: Սա կատակ չէ».-Արընչի խոսքերը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները:
Վարչապետի օգնականը նաեւ նշել է, որ 2000 թ-ի սկզբում Թուրքիայի Կենտրոնական բանկի խնայողությունները կազմել է ընդամենը 15,2 միլիարդ դոլար, իսկ այժմ այն կազմում է 57 միլիարդ 298 միլիոն դոլար:«Նման խնայողություններով վախենալու ոչինչ չունենք: Մենք գրեթե վճարել ենք ԱՄՀ-ի մեր պարտքը: Արդեն 4 տարի է մենք նոր պարտք չունենք»,- նկատել է Արընչը:
Հիշեցնենք, որ ԱՄՀ-ին օգնելու բանակցությունները տեղի են ունեցել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին:


























