Օգոստոսի 18-ին ուժի մեջ է մտել «Օֆշորային գոտիների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այն տարածվելու է 2012 թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Հայաստանի կառավարության հուլիսի 4-ի նիստում, երբ ընդունվում էր այս որոշումը, օֆշորային գոտիների ցանկը սահմանելու անհրաժեշտությունը հիմնավորվել էր «Շահութահարկի մասին» օրենքում կատարված լրացմամբ: Ըստ այդմ, Հայաստանում հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, եթե կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չի ստացվում:
Ըստ կառավարության՝ տվյալ բնագավառում իր կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը: Հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների ցանկում ներառված են 70 երկրներ:
Այդ թվում են, մասնավորապես, Անդորրան, Մոնակոն, Մալթան, Շվեյցարիան, Չերնոգորիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը, ԱՄՆ-ի Դելավեր, Վայոմինգ եւ Օրեգոն նահանգները, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի եւ Իռլանդիայի Դուբլին ու Շաննոն քաղաքների տարածքները:



























