Եվրոպայում հանգստյան օրերին անոմալ բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Փարիզում 37 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, Բեռլինում՝ 35, Լոնդոնում՝ 30։ Նման անոմալիա գրանցվել էր նաեւ 2003թ-ին, ինչի հետեւանքով Եվրոպայում 70 հազար մահ էր գրանցվել։

Այս անգամ Եվրոպայում եղանակային պատուհասի հեղինակներ են «Ախիմ» անտիցիկլոն ու «Քսենիա» ցիկլոնը։ «Правда.Ру»-ի տեղեկացմամբ՝ հիվանդանոցներում կտրուկ ավելացել է ջրազրկման սիմպտոմներով հիվանդների քանակը։ Եվրոպական մի շարք երկրների կառավարությունները կոչ են արել քաղաքացիներին առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ, եւ շատ հեղուկ օգտագործել։

Deutsche Welle-ն տեղեկացրել է, որ գերմանական Deutsche Bahn երկաթուղային ընկերությունը ստիպված հետաձգել է մի քանի փոխադրումներ, քանի որ շարքից դուրս են եկել գնացքների օդափոխության համակարգերը։

Իտալիայում անտանելի տապի պատճառով տուժել են ծովափնյա հանգստավայրերը։ Հյուրանոցների սեփականատերերը դժգոհում են, որ շատ տուրիստներ հրաժարվել են նախապես ձեռքբերած տուրիստական փաթեթներից։

Սաստիկ շոգը հարավ-եվրոպական մի շարք երկրներում բնապահպանական աղետի պատճառ են դարձել։ Մի քանի երկրներում այրվում են անտառները։