ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը շարունակում է գտնվել ծայրահեղ ծանր վիճակում, որեւէ դրական տեղաշարժ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:
Նա հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Դիանան արդեն ինքնուրույն է շնչում: Հայկ Դարբինյանի փոխանցմամբ` աղջիկը դեռեւս միացված է արհեստական շնչառության ապարատին:
Նա նաեւ տեղեկացրեց, որ եղել է առողջապահության նախարարի հանձնարարական` ամեն ինչ օպերատիվ կազմակերպելու համար, խոսքը թե դեղորայքային, թե մասնագիտական աջակցության մասին է: Ավելին` «Արմենիա» բ/կ-ում հրավիրվել է կոնսիլիում, որտեղ ավելի քան 2 ժամ հանրապետության լավագույն մասնագետները, այդ թվում` Ֆրանսիայից Հայաստան ժամանած Գեւորգ Աբգարյանի մասնակցությամբ քննարկել են Դիանա Սիրունյանի առողջական վիճակը: Մասնագետները համակարծիք էին նրա առողջական վիճակի եւ այժմ արվող քայլերի մասին: «Այսօրվա վիճակով որեւէ վիրահատական միջամտություն անել չի կարել, պլանավարում են վաղվանից սկսել դեմքի ոսկորների ֆիկսացիա»,- հայտնեց Հայկ Դարբինյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ունեն արյան պաշար, եւ արյուն է ներարակվում,եւ պլազմա, իսկ հարկ եղած դեպքում մասնագետները լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։
Նշենք, որ Երեւանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում օգոստոսի 20-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:




























