Եթե Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի ընթացքում քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման վտանգ առաջանա, ապա ԱՄՆ-ն զինված մասնակցություն կցուցաբերի: Այս մասին օգոստոսի 20-ին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Եթե մենք ականատես լինենք քիմիական զենքի փոխադրմանը կամ կիրառմանը, ապա հետեւանքները ահռելի կլինեն: Դա արդեն ոչ միայն Սիրիայի ներքին խնդիրը կլինի, այլ նաեւ կանդրադառնա տարածաշրջանի մեր գործընկերներին, այդ թվում Իսրայելին եւ ինչպես նաեւ մեզ»,-հայտնել է նա: Ավելի վաղ Սիրիայի Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղարը հայտնել է, որ քիմիական զենք երբեք չի կիրառվի երկրի տարածքում, սակայն ԱՄՆ-ն չհաստատված տվյալներ ունի Սիրիայի տարածք զենքի փոխադրման վերաբերյալ: Սիրիան քիմիական զենքի իր հսկայական պաշարով աշխարհում չորրորդ տեղն է զբաղեցնող, հայտնում է «Ուտրո.ru»-ն:
Սիրիական ճգնաժամին անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը` անդրադառնալով Ռուսաստանի այն մեղադրանքին, ըստ որի Սիրիայի ընդդիմադիրներին երրորդ պետության միջոցով զենք է տրամադվում: Ըստ նրա նման հայտարարությամբ Ռուսաստանը փորձում է շեղել ուշադրությունը այն հանգամանքից, որ ինքն էլ չի կատարում ՄԱԿ-ի այն համակարգը, որով նա պետք է ճնշում գործադրի Դամասկոսի վրա: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն սիրիական ընդդիմադիրներին ոչ ռազմական օգնություն է ցուցաբերում:




























