Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արգելել է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել Ադամ Օսմաեւին, ով մեղադրվում է Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձի պատրաստման մեջ: Այս մասին օգոստոսի 21-ին գրում է «Կոմերսանտ» թերթը:

Ուկրաինական գլխավոր դատախազության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Յուրի Բոյչենկոն հայտնել է, որ տեղափոխումն արդեն պատրաստ էր, սակայն Կիեւի համար առաջնային է մնում միջազգային օրենսդրությունը:

Ինչպես տեղեկացնում է պարբերականը, ուկրաինական կողմի որոշումը վատ դրության մեջ է դրել ռուսական իրավապահ մարմիններին, ովքեր մեղադրյալի համար արդեն խցիկ էին պատրաստել «Լեֆորտովո» բանտում:

Հիշեցնենք, որ փետրվար ամսին լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական եւ ուկրաինական հատուկ ծառայությունները կանխել են Պուտինի հանդեպ ենթադրվող մահափորձը: Կասկածյալները ձերբակալել են փետրվարի սկզբին` Ուկրաինայում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում:  Պայմանավորվածությունը բացահայտվել է Օդեսայում տեղի ունեցած պայթյունից հետո: Կասկածյալներ Ադամ Օսմաեւը եւ Իլյա Պյանզինը խոստովանել են, որ նախագահական ընտրություններից հետո պատրաստվում էին սպանել Պուտինին: