Սուդանում նախօրեին ավիավթարի հետեւանքով զոհված հայաստանի քաղաքացին 42-ամյա Արմեն Վիրաբյանն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհվել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ:

Ավիավթարը տեղի էր ունեցել կիրակի օրը Հարավային Կորդոֆան նահանգի Տալոդի քաղաքի շրջակա լեռներում: Սուդանական մասնավոր «Ալֆա-1» ավիաընկերությանը պատկանող ԱՆ-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել օգոստոսի 19-ին` Տալոդիի օդանավակայանում  վայրէջքի ժամանակ: «Սուդանում Ռուսաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն, ինքնաթիռի անձնակազմի անդամների մեջ եղել են  Ռուսաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ»,-ասվում է ՌԴ ՆԳՆ-ի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով «ավիավթարի զոհ են դարձել 31 մարդ, այդ թվում մի շարք սուդանցի  նախարարներ, քաղաքական եւ զինվորական շրջանակների ներկայացուցիչներ»: