PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ռազմական թեւի՝ HPG-ի (Ժողովրդի պաշտպանության ուժեր) տարածած հայտարարության մեջ նշվել է. որ իրենք որեւէ կապ չունեն օգոստոսի 20-ի երեկոյան Այնթափում տեղի ունեցած պայթյունի հետ։
Firat գործակալությանը ուղղարկած գրության մեջ HPG-ն հայտնել է, թե օգոստոսի 20-ին Այնթափում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը թուրքական իշխանությունները եւ մամուլը փորձում են իրենց վրա բարդել։
«Այդ պայթյունի հետ մեր ուժերը որեւէ կապ չունեն։ Հասարակությունը եւ մեր ժողովուրդը գիտեն, որ մեր ուժերը չեն կարող քաղաքացիական անձանց դեմ գործողություն իրականացնել։ Բացի այդ մեր ուժերին հրաման է եղել Ռամադանի տոնական օրերին խուսափել գործողություններից»,-նշվել է գրության մեջ։
Նշենք, որ Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ) քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք օգոստոսի 20-ի երեկոյան հեռակառավարման միջոցով պայթեցրել են ռումբով բեռնված մի մեքենա:
Այնթափի նահանգապետ Էրդալ Աթան հայտնել էր, որ պայթյունի հետեւանքով մահացել է 9 եւ վիրավորվել` 69 հոգի:



























