Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել է Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ: Այդ մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները: Հալեպից հակասական տեղեկություններ են ստացվում, քանի որ Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել գրոհայիններին:
Այս պահին Հալեպում դժվար են գործում ինտերնետային եւ հեռախոսային կապը, եւ բարդ է կապ հաստատել Հալեպում գտնվող մեր հայրենակիցների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայերը փակվել են տներում եւ դուրս չեն գալիս փողոց:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ին հայտնել էր, որ Հալեպի մի շարք թաղամասերում տեղի ունեցած բախումները անդրադարձել են երկրի հայ համայնքի վրա:
Նա նաեւ հերքել էր մի շարք լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե գրոհայինների հսկողության տակ է անցել Հալեպի Ջդեյդե թաղամասում գտնվող Առաջնորդարանի շենքը:
Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետ եւ նշել, որ անցող մի քանի օրերի ընթացքում Սիրիայում բախումներն ուղղակիորեն մոտեցել են հայկական շրջաններին՝ ոչ միայն Հալեպում, այլեւ հայաբնակ այլ շրջաններում։ Օրինակ, շաբաթ օրը շուրջ 200 կգ կշռող ռումբ է պայթել Ղամշլի Սեւան փողոցում եւ հսկայական փոս է առաջացրել։ Բարեբախտաբար, արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհեր չկան։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, անցնող 2-3 օրերի ընթացքում բանակը վերահաստատել է հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի Քեսաբ-Հայավան հայկական բնակավայրում, որտեղ վերջին շրջանում մի քանի անգամ բախումներ էին արձանագրվել ապստամբների եւ բանակի միջեւ։
Կիրակի օրվանից հայաշատ շրջաններում բախումներն են տեղի ունենում ընդդիմադիրների եւ բանակի միջեւ, եւ դրանք հասել էին մինչեւ Ջդեյդե թաղամասը, որը հայտնի է որպես Հալեպի Ազգային առաջնորդարանին մոտ շրջան եւ ժամանակին հայաշատ է եղել։ Այս դեպքերից հետո այդ շրջանում հայկական բնակչություն չկա, սակայն այդտեղ է գտնվում պատմական Քառասուն մանկանց եկեղեցին, դիմացը Բերիո թեմի ազգային առաջնորդարանն է, մի քանի թաղամասն այն կողմ հայկական Կիլիկո վարժարան կա, այդ շրջանում են գտնվում նաեւ հայ ոսկերիչների եւ արծաթագործենրի բազմաթիվ խանություներ։
Երեկ բախումներ են տեղի ունեցել նաեւ հայաշատ Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Մարտեր են ընթացել նաեւ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում, ուր սպանվել է մեկ ճապոնացի լրագրող, եւս երեք լրագրողների ճակատագիր անհայտ է։




























