Չի կարելի միանշանակ ասել, որ Հալեպի հայկական թաղամaսերը անցել են հակամարտող կողմերից որեւէ մեկին, քանի որ նրանց շրջակայքում տեղի ունեցող մշտական մարտերի ընթացքում նրանք ձեռքից ձեռք են անցնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  Լիբանանում հրատարակվող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

Նրա խոսքով, իրարամերժ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ հայկական թաղամասերը մեկ անցնում են կառավարական ուժերի, մեկ զինյալների հսկողության տակ: «Ներկայումս չի կարելի միանշանակ ասել, որ հայկական թաղամասերը գտնվում են այս կամ այն կողմի հսկողության ներքո»:

Ինչ վերաբերում է սիրիացի հայերին, ապա Քանդահարյանի խոսքով, այս պահին Սիրիայից Լիբանան  փախստականների մեծ հոսք չկա: «Այժմ Լիբանանում կա սիրիացի հայերի մի քանի ընտանիք, ովքեր ժամանակավոր բնակվում են իրենց հարազատների մոտ, վերջնական փոխադրման մասին խոսք չկա: Մեծ թվով փախստականների դեպքում գործի կդրվեին հանրակացարանները, սակայն նրանք դատարկ են»,-նշել է Քանդահարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով Սիրիայի  աղբյուրը, հայտնել էր, որ  Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել է Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ:

Հալեպից հակասական տեղեկություններ են ստացվում, քանի որ Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել գրոհայիններին:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության հաղորդագրության համաձայն «զինված ուժերը շարունակում են պաշտպանել Հալեպ քաղաքը ահաբեկիչներից եւ վարձկաններից»: