Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել` անձնական տվյալների գողացման սխեմային մասնակցելու համար: Խոսքն ավտոլցակայաններում կրեդիտային քարտերի տվյալների օգտագործման մասին է, հաղորդում է ԱՄՆ ՀԴԲ կայքը:
Ձերբակալվել են 42-ամյա Վարդան Մկրյանը Թոկուկա Լեյքաից, 28-ամյա Վահե Հարությունյանը` Հյուսիսային Հոլիվուդից, 58-ամյա Խաչիկ Քարաբաջաքյանը եւ 24-ամյա Սեդրակ Քարաբաջաքյանը` Օքսնարդից:
Երկարատեւ հետաքննությունից հետո, որի արդյունքում «Armenian Power» հանցախմբի տասնյակ անդամների կամ գործընկերների մեղադրանք էր առաջադրվել, իրավապահները պարզել էին, որ Վարդան Մկրյանը ներգրավված է հանցավոր գործունեության մեջ: Մկրյանը մի քանի ավտոլցակայաններ է կառավարել Լոս Անջելեսի շրջանում:
Հետաքննության ընթացքում իրավապահները մի քանի անգամ նկատել են, թե ինչպես են մեղադրյալները վառելիք գնել մի քանի լցակայաններից` օգտագործելով կրեդիտային քարտերի համարներ, որոնք խարդախությամբ են ձեռք բերել: Սխեման ներառել է 50 զոհի անձնական տվյալների գողություն եւ պատճառել է 50 հազ. դոլարի վնաս:
Ամբաստանյալները սկզբում կանգնելու են Լոս Անջելեսի շրջանային դատարանի առջեւ: Եթե մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:


























